Իմ միտինգներն այստեղ են՝ բեմում - 19 Օգոստոսի 2011 - Ջուռնալ
Երկուշաբթի, 20.02.2017, 00:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Իմ միտինգներն այստեղ են՝ բեմում
18:56
Իմ միտինգներն այստեղ են՝ բեմում
Վարդան Պետրոսյան
Հարցազրույց դերասան Վարդան Պետրոսյանի հետ

 -Պարոն Պետրոսյան, նոր՝ «Սեռասարսափ» ներկայացմամբ եք հանդես գալիս, ինչո՞ւ հենց «Սեռասարսափ», ժամանակնե՞րն են այդպիսին:

- Նախ սիրում եմ հետաքրքրել հանդիսատեսին եւ գիտեմ, որ այդ հետաքրքրության վրա մարդիկ գալիս են: Հետո, օրիգինալ վերնագիր լինելուց բացի, այն ենթադրում է նաեւ կյանքի նկատմամբ հետաքրքիր  դիտանկյուն: Իսկ մեր այսօրվա կյանքը ես անվանում եմ այսպես՝ սեռասարսափ:

Մեզ մոտ կան թեմաներ, որոնք, ցավոք, լրջորեն չեն շոշափվում մեր կյանքում, բայց իրականում մարդն այդ մասին շատ է մտածում: Մենք ունենք լուրջ խնդիրներ մարդկային, տղա-աղջիկ փոխհարաբերություններում: Մի կողմից Արեւմուտքից գալիս է ժամանակակից ապրելակերպի շունչը, մյուս կողմից մեզ մոտ գլուխ է բարձրացնում ու դրան հակադրվում մեր արեւելյան ավանդապաշտությունը: Այդ երկուսի հակասության միջեւ մեր երիտասարդությունը չի կարողանում կողմնորոշվել, եթերը գրգռում է մարդու սեռական տենչերը, կրքերը, բայց մեր ավանդույթներն արգելքներ են հանդիսանում, եւ այս հակասությունն այստեղ առաջացնում է հոգեբանական, կենսական, առողջական բարդ խնդիրներ:

- Ներկայացման մեջ տարբեր խնդիրներ եք շոշափում՝ արտագաղթ, կաշառակերություն, կրթապաշտություն, անհավատություն, դրանք չե՞ն եղել բոլոր ժամանակներում:

- Օրինակ Ստալինի ժամանակ չի եղել կաշառակերություն, մի կոպեկի համար մարդուն գնդակահարել են, Խրուշչովի ժամանակ էլի չկար, դեռ վախենում էին: Բրեժնեւի ժամանակ կամաց-կամաց սկսեց: Մեզ մոտ Դեմիրճյանի ժամանակ կաշառակերությունը պաշտոնապես մտավ մեր ժողտնտեսություն ու դարձավ սիստեմ, ապրելակերպ, մտածողություն: Հարեւան Վրաստանը 1-2 տարում կարողացավ կաշառակերության հախից գալ, ուրեմն ամեն ինչ հնարավոր է, ուղղակի պետք է դա անել ու վերջ:

- Երբ մարդն ուզում է իր երկրում ապրել, ստեղծագործել, բայց նրան այս կամ այն կերպ զրկում են իր հացը վաստակելու հնարավորությունից, դրանից հետո այդ մարդուն ինչպե՞ս կարող ես հետ պահել արտագաղթելուց:

- Ես չեմ կարող դա անել, սա լուրջ քաղաքական հարց է, այդ հարցով երկրում զբաղվում է ընդդիմությունը, նա փորձում է մարդկանց հույս տալ, քաղաքական ակտիվության, պայքարի կոչ է անում: Արվեստի խնդիրը մի փոքր այլ է՝ խորքից ցույց տալ խնդրի իրական պատկերը: Ես այդ մարդկանց չեմ կարող ոչ մեղադրել, ոչ էլ մնալու կոչեր անել, երբ մարդու ընտանիքը սովի են մատնել, ես դա գիտեմ, ու զարմանալին այն է, որ բոլորը գիտեն դրա մասին: Ինձ համար սա անթույլատրելի բան է: Ես գիտեմ մարդկանց, որ թողեցին-գնացին ոչ միայն վիրավորված, այլեւ ուղղակի ուրիշ ճար չունենալուց, որովհետեւ քամել էին, ու ստիպված գնացին, որ կարողանան ժամանակի ընթացքում կուտակած պարտքերը մարել: Հայաստանը մի տեսակ դառնում է վայելքի տեղ սփյուռքահայերի համար:

- Ներկայացման մեջ ասում եք, որ այսօր հավասարապես իրենց դժբախտ են զգում եւ ունեւորը, եւ չունեւորը: Բայց փողը պետք է որ ցույց տար երջանիկ լինելու ճանապարհը, ու կարծես մարդկանց խնդիրներն էլ հիմնականում սոցիալական բնույթի են: 

- Մարդուն տառապանքը տրված է ի վերուստ, ամեն մարդ իր տառապանքը պիտի կրի, եւ ինչքան խուսափես քո տառապանքից, այնքան դա կկրկնապատկվի: Հարուստն իր տառապանքն ունի, աղքատը՝ իրենը: Այսօրվա միլիարդատերերն ինձ թվում է՝ աշխարհի ամենադժբախտ մարդիկ են, որովհետեւ այդ գումարների ծանրության տակ կորցրել են ամենակարեւորը՝  ներքին ուրախությունը: Միլիոնատիրոջ դարդերն էլ ծանր են, ասենք, առավոտյան արթնանում է ու տեսնում, որ սեփական սուզանավի պոչը ջարդվել է, որը սարքելու համար միլիոնավոր դոլարներ են պետք: Դրա համար այդ հարուստ մեքենաների մեջ մարդիկ ավելի դժբախտ են, քան մյուսները:

- Ներկայացման մեջ իշխանություն-ժողովուրդ, մարմնավաճառ-հաճախորդ հարաբերությունները մի հարթության վրա եք դրել, որտե՞ղ են հարաբերություններն ավելի ազնիվ, թե՞ կեղտոտ են հավասարապես:  

- Դա արել եմ, որովհետեւ փորձում եմ լինել հասարակական կյանքի հայելին: Թատրոնը դա է: Մարդը ներկայացումը նայելով, պիտի ճանաչի իր իրականությունը, բայց ճանաչի խորքից, ոչ մակերեսորեն: Ներկայացման մեջ մի կտոր կա, որտեղ ես խոսում եմ մարմնավաճառների հետ, սկզբում՝ ծիծաղելի է, հետո՝ ցավալի, վերջում՝ շատ հուզիչ: Այդ կտորի մեջ էլ փորձել եմ տեսնել մարդկայինը, ռոմանտիկը, բայց բանը հասել է նրան, ու փոխհարաբերություններն այն աստիճան հիվանդագին են մեզ մոտ, որ նույնիսկ մարմնավաճառներն են կոմպլեքսավորված: Տղաները կատակով ասում են՝ միակ երկիրն է, որ մարմնավաճառներին փողը պիտի տաս, հետո էլ համոզես:

Այստեղ որեւէ լավ ու վատի հարց չեմ դնում, ուղղակի ցույց եմ տալիս ինչպես ենք ապրում: Հասարակությունը սկսում է կորցնել նաեւ իր ուրախանալու կարողությունը, մարդիկ արդեն կարգին չեն էլ ուրախանում, հարսանիքներն ավելի շատ ցուցադրական շոու են, քան ներքին ուրախություն: Երբ ճնշվողն է տխուր, ես դա հասկանում եմ, բայց որ բանը հասել է նրան, որ ճնշողն է դժբախտ, այդտեղ հարց եմ դնում՝ միգուցե ուրի՞շ խնդիր կա, ու մեր ներքին թո՞ւյնն է, որ մեզ խեղդում է ու չի թողնում ապրենք, գուցե դա է պատճառը, որ մենք փախչում ենք երկրներ, որտեղ հայեր չկան: Սա շատ ցավալի հարց է, որովհետեւ մեր ստեղծած դատարկությունը, ֆիզիկայի օրենքի համաձայն, լցվելու է ուրիշներով: Մենք այսօր տեսնում ենք ինչպես 10-20 պարսիկ նամազ են անում իրենց մեքենաների շուրջ, եւ պատշգամբներից մարդիկ նայում-զվարճանում են, բայց վաղը նրանք կդառնան 10-20 հազար, եթե ոչ 10-20 միլիոն: Սրա մասին այսօր պետք է մտածել, մենք իրավունք չունենք մտածել մեր այսօրվա հացի կամ, ավելի ճիշտ՝ շահի մասին: Այսօր մենք մեր ձեռքերով կտրում ենք այն օդը, ջուրը, ծառը, որով մենք սնվում ենք:

- ՀԱԿ-իշխանություն երկխոսությանն ինչպե՞ս եք նայում:

- Երկխոսության մասին դեռ 2008-ին եմ խոսել ու արժանացել ընդդիմադիր մամուլի քարկոծմանը: Կարծում եմ՝ դա լավագույն ելքն է, ու ամենալավը մենք իրար կարող ենք հասկանալ: Հիմա երկխոսության սկիզբը դրված է, ու չգիտեմ ինչ արդյունքների այն կբերի, որովհետեւ դրա արդյունքը կապված է երկխոսողներից: Շատ կցանկանայի, որ իշխանությունները երկխոսությանը գնան պատրաստ: Ես գիտեմ, որ մարդկանց մեծ մասը լուրջ չի վերաբերվում երկխոսությանը, բայց էականն այն է,  որ այդ երկխոսությունը բերի լուրջ արդյունքների ու եթե բերի՝ դա պետք է բերի: Մարդ ունի այն, ինչ ինքը կառուցում է, իսկ մեր կառուցելն այսօր ավելի շատ փլելու պես բան է:

- Գնո՞ւմ եք հանրահավաքների:

- Չեմ գնում հանրահավաքների երկու պատճառով. նախ ժամանակ չունեմ եւ մի ժամում կարող եմ ամբողջ հանրահավաքի նյութերին ծանոթանալ, եւ 2-րդ՝ որպես շատ մեդիատիզացված մարդ, ես այնտեղ ավելորդ ուշադրության կենտրոնում պիտի լինեմ, որը պետք չէ: Իմ միտինգներն այստեղ են՝ բեմում:

- Երբեւէ եղե՞լ է, որ իշխանական ճամբարից Ձեզ ընդդիմադիր կոչեն, ընդդիմադիր դաշտից՝ իշխանամետ: Ձեր քաղաքական դիրքորոշման մասին ի՞նչ կասեք:

- Ես ոչ իշխանամետ եմ, ոչ էլ ընդդիմադիր, ով ինչպես ուզում է, թող մտածի: 2008-ին «Սեր եւ ատելություն» ներկայացման համար ինձ բավականին քարկոծեցին ընդդիմադիր ուժերը, իշխանամետ ճամբարից ոչինչ չասացին, լռությամբ տարան, բայց գիտեի, որ երկուսի սրտին էլ խփել էի ու ոչ մեկի բանակում չէի ու չեմ: Ես ինքս իմ ճամբարում էի եւ ոչ մեկի կողմից չէի, որովհետեւ շատ հարցերում չէի կիսում ոչ մեկի դիրքորոշումը:

- ՀՀ բոլոր 3 նախագահներին էլ քննադատում եք, երբեւէ նրանց կողմից նախազգուշական «ազդանշաններ» չե՞ք ստացել:

- Ի պատիվ մեր նախագահների ասեմ, որ ոչ մի անգամ որեւէ ձեւով՝ անգամ ակնարկ չի եղել իմ հասցեին, որ թե գիտես, արի տենց մի արա, որովհետեւ…: Եվ այսօրվա մեր թատերական եւ մյուս ոլորտների քննադատության պակասը ես ավելի շատ բացատրում եմ քննադատողի վախկոտությամբ, քան «վերեւի» ճնշումներով, ինձ վրա ճնշման որեւէ տեսակ չեմ զգացել: Ես գիտեմ, որ մի քիչ հեշտ չեն հանդուրժում ինձ, բայց հիմա մարդիկ դժվարությամբ, սակայն տղամարդավարի հանդուրժում են: Նույնիսկ գիտեմ, որ նախագահը մի քանի տարի առաջ ասել էր՝ օրինակ վերցրեք Վարդան Պետրոսյանից, թե ինչպես է խորքով քննադատում մեզ:

- Իսկ առաջին տիկիններին չե՞ք հրավիրել Ձեր ներկայացումներին:

- Չեմ հրավիրել, բայց, ի տարբերություն մեր 3 նախագահների, նրանց կանայք թատերասեր են: Իմ ներկայացմանը առաջին 2 նախագահների կանայք եղել են, ներկայիս նախագահի կինը՝ տիկին Ռիտան, դեռ ոչ:

- Ներկայացումից հետո մոտեցել-կիսվե՞լ են Ձեզ հետ իրենց տպավորություններով:

- Ոչ, բայց ես միշտ բոլորին հարցրել եմ՝ բա ամուսնյակը ուր ա՞, ինչի՞ չի գալիս թատրոն, նրանք էլ, թե՝ զբաղված է, ես էլ իմ հերթին իրենց եմ կատակով ասել՝ պա՜հ, մթամ մենք զբաղված չե՞նք:

- Պարոն Պետրոսյան, այս սեռասարսափ ժամանակներում հնարավո՞ր է քրիստոնեական պատվիրաններով ապրել, երբ անգամ հոգեւորականները հակաքրիստոնեական վարք ունեն:

- Բնությունն ունի հավասարակշռության օրենք, ինչքան մի կողմը սեղմես, այնքան մյուս կողմը պիտի բարձրանա, ինչքան ռաբիզը խեղդի մեզ, այնքան Կոմիտասը պիտի բարձրանա, ինչքան ժամանակները դառնան նյութապաշտ, այնքան մարդը սրբանալու հնարավորություն ձեռք կբերի: Այդ իմաստով հնարավոր է:

- Քաղաքական հումորները շատ են Ձեր ներկայացումներում, բայց կարծես հոգեւոր դասին չեք կպնում, զգուշանո՞ւմ եք քննադատելուց:

- Երբ ես քննադատում եմ, փորձում եմ իմ քննադատության մեջ լինել կառուցողական, հասկանալով խոսքիս ուժը, ես բավական զգույշ եմ քննադատում, բայց զգուշություն՝ չի նշանակում վախենալ: 2001-ին «Խաղում ենք 1700» ներկայացման մեջ դաժան քննադատություն կա եկեղեցու հասցեին, բայց եկեղեցին էլ գիտի, որ Վարդանը շատ հավատացյալ մարդ է: Ես հենց այնպես չեմ հայհոյում, եթե դրա արդյունքում տեսնելու եմ եւս մի փլուզում, եւս մի կացնի հարված՝ դա չեմ անում, փորձում եմ ուրիշ կողմից մոտենալ, գովեստն էլ կառուցման մի ձեւ կարող է լինել:

- Ներկայացման վերջում ասում եք՝ տգիտությունն է ծնում բռնություն: Ուզում եմ հասկանալ՝ այդքան տգե՞տ ենք, որ բռնությունը մեր կյանքում տեղ ունի՝ քաղաքականությունից սկսած մինչեւ մարդկային փոխհարաբերություններ:  

- Տգիտությունն իր հետ բերում է բռնություն, կրքերն անպայման բերում են տառապանք, աշխարհը մենք չենք ստեղծել եւ այդ օրենքները մենք չենք ստեղծել: Բռնությանն ու կրքերին դիմակայողը համբերության ուժն է, առաքինությունը: Իսկ առաքինին աշխատող, անխոնջ, համեստ էշն է, որին ես վերջիվերջո համեմատում եմ մեր ժողովրդի հետ, որին ուժասպառ են արել ու հիմա էլ հաճույքի համար գցել են վանդակը՝ զվարճանալու համար, առանց հասկանալու, որ սեփական մոր հետ այդպես վարվել չի կարելի: Սա արդեն համամարդկային խնդիր է, ու միայն առաքինությունը կարող է բերել հանգստություն:

ՀԵՂԻՆԱԿ՝ ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/08/18/im-mitingnery/


Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 972 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վարդան Պետրոսյան, հարցազրույց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0