Վերդին «կտարածվի» կոնսերվատորիայից - 14 Փետրվարի 2013 - Ջուռնալ
Հինգշաբթի, 08.12.2016, 15:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2013 » Փետրվար » 14 » Վերդին «կտարածվի» կոնսերվատորիայից
04:12
Վերդին «կտարածվի» կոնսերվատորիայից
Ռաֆայել Հակոբյանց
Այս տարի աշխարհը նշում է կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի ծննդյան 200-ամյակը: Հայ իրականության մեջ երաժշտագետներից առաջինը 1897թ. Թիֆլիսում Վերդի է ներկայացրել Վ. Կարգանովը, իսկ Երեւանի օպերային թատրոնում 1937թ. ռեժիսոր Վոլչեկի եւ դիրիժոր Թավրիզյանի մեկնաբանմամբ բեմադրվել է կոմպոզիտորի «Ռիգոլետտոն»: Իտալացի կոմպոզիտորի 28 օպերաներից մեր թատրոնում բեմադրվել է 7-ը՝ «Օթելլոն», «Ռիգոլետտոն», «Աիդան», «Տրավիատան», «Դիմակահանդես-պարահանդեսը», «Դոն Կարլոսը» եւ «Տրուբադուրը»: 1988թ.՝ Վերդիի ծննդյան 175-ամյակի առիթով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսության ամբիոնի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի մտահղացմամբ, դիրիժոր Լեւոն Շաբանյանի եւ ռեժիսոր Նորայր Սարգսյանի ներկայացմամբ Երեւանի օպերային թատրոնում բեմ է բարձրացել «Վերդիանա» թատերականացված գալա համերգը, որը ներառել է հատվածներ կոմպոզիտորի 14 օպերաներից: Վերջինիս մասնակցել են անվանի երգիչներ Գոհար Գասպարյանը, Գոհար Գալաչյանը, Արաքս Մանսուրյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, Հասմիկ Պապյանը, Հասմիկ Հացագործյանը, Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Վալերի Հարությունյանը, Կոնստանտին Սիմոնյանը եւ ուրիշներ: Նշենք նաեւ, որ «Տրուբադուր» ներկայացման մեջ մեր բեմում ժամանակին փայլել են Ելենա Օբրազցովան եւ Գեղամ Գրիգորյանը: Այսօր էլ, դարձյալ Ռաֆայել Հակոբյանցի մտահղացմամբ (լուսանկարում), Երեւանի կոնսերվատորիայի դահլիճում փետրվարի 19-ին կմեկնարկի «Վերդիանա» փառատոնը, որը կշարունակվի մինչեւ տարեվերջ: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հակոբյանցը նշեց, որ փառատոնի առաջին երեք համերգները կկայանան կոնսերվատորիայում, 4-րդը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, հայտնելով. «Փառատոնային համերգներում ներգրավված են կոնսերվատորիայի վոկալ եւ կոնցերտմայստերական ամբիոնների դասախոսներն ու ուսանողները, ինչպես նաեւ օպերային ստուդիայի եւ օպերային թատրոնի մեներգիչները: Ծրագրում ընդգրկել ենք Վերդիի ոչ միայն հանրահայտ օպերաներից մեներգեր, դուետներ եւ այլն, այլեւ հատվածներ նույնիսկ աշխարհում հազվագյուտ կատարվող կոմպոզիտորի «Էռնանի», «Լուիզա Միլեր», «Ֆալստաֆ» եւ այլ օպերաներից: Ընդհանուր հաշվով՝ տարվա ընթացքում հայ օպերային արվեստի երկրպագուն հնարավորություն կունենա ըմբոշխնել վերդյան շուրջ 20 օպերաները: Ընդ որում, յուրաքանչյուր համերգից առաջ ծրագրված է երաժշտագետների կամ օպերային մեր ճանաչված արտիստների խոսքը, այդ թվում՝ Գեղամ Գրիգորյանի, Բարսեղ Թումանյանի եւ այլն: Մեր ունկնդիրը հնարավորություն կունենա առաջին անգամ լսելու Վերդիի որոշ ռոմանսներ, նույնիսկ նրա կվարտետը»: Պրոֆեսորը նշեց, որ կայանալիք երեկոների ընթացքում երիտասարդներին կներկայացվեն վերդյան օպերային գրականության հայ մեծանուն երգիչներին՝ Գոհար Գասպարյանին, Գոհար Գալաչյանին, Եվգենյա Խաչիկյանին, Պավել Լիսիցյանին, Նար Հովհաննիսյանին, Սերգեյ Դանիելյանին, Միհրան Երկաթին, Արշավիր Կարապետյանին եւ մյուսներին: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ փառատոնը Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումներից մեկն է, հավելելով. «Տարվա ընթացքում փառատոնը կոնսերվատորիայից «դուրս կգա» հայաստանյան այլ դահլիճներ: Մեր կոնսերվատորիայի ղեկավարության հետ խորհրդակցելով, ցանկություն ունենք այս կապակցությամբ համագործակցել Օպերային թատրոնի հետ, եւ սա հիանալի առիթ է վերջինիս տնօրինությանը՝ ներկայացնելու ուսանող երգիչներին, այսինքն՝ իրենց ապագա մեներգիչներին: Ցանկություն ունենք նաեւ առաջիկայում փառատոնի առիթով վրացի օպերային երգիչների փոխայցելություններ կազմակերպել, այդ թվում՝ ուսանողների, ինչպես նաեւ հրավիրել արտերկրյա տարբեր թատրոնների հայ մեներգիչների՝ Հասմիկ Պապյանին, Կարինե Բաբաջանյանին, Մկրտիչ Բաբաջանյանին, Հայկ Դեինյանին, Մարտիրոսյան եղբայրներին եւ մյուսներին»: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ աջակցության եւ այլնի առիթով չեն դիմել, օրինակ, մշակույթի նախարարությանը կամ մեզանում իտալացի արվեստագետների այս կամ այն միջոցառումներին մշտապես օժանդակող Իտալիայի դեսպանատանը, Ռաֆայել Հակոբյանցը պատասխանեց. «Փառատոնի սկիզբը որոշեցինք ազդարարել «տնային պայմաններում» (նկատի ունի կոնսերվատորիան), մնացածը ժամանակը ցույց կտա»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Աղբյուր` http://www.aravot.am/2013/02/13/196319/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1468 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ջուզեպպե Վերդի, Նորայր Սարգսյան, Երեւան, Լեւոն Շաբանյան, Ռաֆայել Հակոբյանց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0